Call Now

Առաքելությունս հայկական արտադրանքն աշխարհում մրցունակ դարձնելն է

Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը խոսել է Հայաստանում բիզնես ղեկավարելու, կյանքում բեկումնային որոշումներ կայացնելու, PROFAL-ում գործունեություն սկսելու եւ ընկերության նոր տեսլականի ու ռազմավարության մասին:

- Պարոն Ավետիսյան, արդեն մի քանի տարի է` խոշոր բիզնեսի ղեկավար եք: Պատմեք Ձեր անցած ուղու մասին, ինչպե՞ս հայտնվեցիք բիզնես ոլորտում:

Դեռեւս տասը տարեկանից բիզնես միջավայրում եմ մեծացել։Հայրս մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է. 1990-ականներն էին, երբ նա թողեց բժշկությունը եւ իր 2 ընկեր-համախոհների հետ որոշեց զբաղվել բիզնեսով: Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած եւ պահանջված մասնագետ էր, բայց բոլորին էլ միավորում էր Հայաստանի զարգացման համար որեւէ բան անելու գաղափարը: Հայաստանում ամենաբարդ ու դժվարին ժամանակներն էին, բիզնես ոլորտ գոյություն չուներ, չկար մրցակցություն, համապատասխան միջավայր ու մշակույթ, բայց նրանք ռիսկի դիմեցին: Իհարկե, հեշտ չէր սկիզբ դնել ու ձեւավորել միանգամայն նոր ուղղություն, բայց շնորհիվ համառության եւ քրտնաջան աշխատանքի հաջողվեց Հայաստանում զարգացնել արտադրության ոլորտն ու հստակ քայլերով առաջ գնալ:

- Կարելի է ենթադրել, որ ձեր ընտանիքում շրջադարձային որոշում է եղել բիզնեսով զբաղվելը: Ո՞րն է նման շրջադարձային պահը Ձեզ համար եւ ինչո՞ւ էր այն բեկումնային:

- Երբ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժնի մագիստրատուրան ավարտելուց հետո 2013 թվականին մեկնեցի ԱՄՆ՝ HULT միջազգային դպրոցում MIB ծրագիր անցնելու: Արտերկրում ապրելն ու սովորելը, հատկապես այդ տարիքում, բեկումնային եղան ինձ համար: Հենց ԱՄՆ-ում ես հասկացա, որ առանց որեւէ մեկի աջակցության կարող եմ ինչ-որ բան անել: HULT միջազգային դպրոցից հետո նաեւ Stanford-ի համալսարանում High Performance Management ծրագիրն եմ անցել։

- ԱՄՆ-ում սովորելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցիք վերադառնալ Հայաստան: Ինչո՞ւ։

- Այդ ընթացքում մի քանի կազմակերպությունից արդեն աշխատանքի առաջարկ ունեի, մնում էր փորձաշրջան անցնել եւ հասկանալ, թե որտեղ եմ աշխատելու: Ուսումն ավարտելուց հետո կարճ ժամանակով Հայաստան եկա` ընտանիքիս տեսակցության, բայց ԱՄՆ վերադառնալու նպատակով, նույնիսկ հետադարձի տոմսն ունեի: Մտածում էի, որ նոր բիզնես միջավայրում կհայտնվեմ, մեծ բարձունքներ կնվաճեմ: Հետո սկսեցի գիտակցել, որ օտար միջավայրում հնարավորություն չեմ ունենալու իմ գաղափարները կյանքի կոչել: Իսկ այստեղ ես ունեի բոլոր նախապայմաններն իմ գիտելիքներն ու փորձը մեր երկրի, ոլորտի զարգացման գործում ներդնելու համար: Հայաստանում մնալու որոշումս շատ արագ կայացրեցի եւ մինչեւ հիմա հիշում եմ հորս՝ զարմանքից եւ ուրախությունից փայլող աչքերը:


- 2014 թվականից PROFAL-ում եք: Այստեղ ինչպիսի՞ ճանապարհ եք անցել։ Մարտահրավերներ եղե՞լ են։

- Մինչեւ ԱՄՆ մեկնելն արդեն աշխատում էի PROFAL-ի ֆինանսական բաժնում, վերադառնալուց հետո ստեղծեցի եւ ղեկավարեցի զարգացման բաժինը: PROFAL-ում էլ մարտահրավերների պակաս չեմ ունեցել, բայց ինձ համար ամենակարեւորն ու նշանակալին այն է, որ ինձ հաջողվեց ընկերությունը դուրս բերել ճգնաժամից: Ընտանիքիս, ընկերներիս աջակցության եւ, երեւի թե, իմ համառության ու «պնդաճակատ բնավորության» (ժպտում է-խմբ.) շնորհիվ հաջողվեց «փրկել» երկար տարիների ջանքերի, նվիրումի ու քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեւավորված ընկերությունը:

Այժմ PROFAL-ը դարձել է կարեւորագույն իմաստներից մեկը, առանց որի էլ չեմ պատկերացնում կյանքս: Այդուհանդերձ, PROFAL-ում ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է. այստեղ եմ ծանոթացել կնոջս հետ, ով մեր մարքեթինգի բաժնի ղեկավարն է: Եթե անգամ օրերից մի օր չլինի որեւէ բիզնես, միեւնույն է, աշխարհում ամենաթանկի՝ ընտանիքի համար պարտական եմ լինելու PROFAL-ին: Հայկական արտադրող լինելն իր դժվարություններն ունի, որովհետեւ գործունեություն ես ծավալում փոքր, բայց մրցակցային խիտ շուկայում: Վայելում ես սպառողների վստահությունը, բայց ներկայացվող պահանջներն էլ խիստ են, իրավունք չունես թերանալու: Սա էլ հնարավորություն ու խթան է՝ անընդհատ կատարելագործվելու եւ առաջ գնալու: Հաջողելու հնարավորություն այս կյանքում բոլորին է տրվում, պետք է կարողանալ ժամանակին օգտվել դրանից ու ճիշտ ռեալիզացնել դա։ Ներկայում իմ առաքելությունը PROFAL-ում այն միջազգային բրենդ, իսկ բարձրորակ հայկական արտադրանքը միջազգայնորեն մրցունակ դարձնելն է: