Call Now

Կանայք արտադրությունում

Կանայք արտադրությունում

Հասմիկ Դերձակյան, ներկման տեղամաս

Ներկման տեղամասի ամենահին և առաջին աշխատակիցներից Հասմիկ Դերձակյանը PROFAL-ում է ընկերության հիմնադրման օրվանից՝ արդեն 18 տարի: Մինչ այդ գրադարանում էր աշխատում, տպագրական մեքենայով տեքստեր հավաքում:Հասմիկի խոսքով` մարտահրավերային էր ոչ միայն տառերի աշխարհից միանգամից անցում կատարելը մետաղական պրոֆիլների աշխարհ, այլև միանգամայն նոր ու անծանոթ ոլորտում հայտնվելը.

«Մինչև PROFAL-ը բոլորովին տարբեր, բայց ինձ ծանոթ աշխատանքներ եմ կատարել,իսկ այն ինչ սկսեցի անել PROFAL-ում ոչ միայն ինձ համար, այլև Հայաստանում էր նորություն: Սկզբում ինքս էլ չէի պատկերացնում, թե ինչ է պահանջվում ինձնից: Այդ տարիներին համացանցի հասանելիություն էլ չկար, և չէի կարող փնտրել, ծանոթանալ: Կարելի է ասել՝ սովորել եմ պատմելով.արտադրամասում ինձ ներկայացրեցին աշխատանքի բնույթը, պատմեցին, այն ինչ տեսել էին արտերկրի գործարաններից մեկում, ես էլ իմ պատկերացմամբ, անընդհատ փորձելով, երբեմն էլ՝ սխալվելով, ի վերջո հմտացա»:

Հիմա արդեն թիմով ավելի բարդ աշխատանքներ են կատարում, կարողանում են մետաղական պրոֆիլի երկու կողմերում տարբեր գույներ և նախշեր ստանալ:Իսկ Հայաստանում արդեն գրեթե բոլորը գիտեն, որ այդ բարդության աշխատանքները նուրբ ու կոկիկ ձևով կատարում են PROFAL-ում և հենց Հասմիկն ու իր թիմը.

«Սա մանրակրկիտ աշխատանք և համբերատարություն է պահանջում: Բայց արժե այդքան մեծ ջանքեր ներդնել,որովհետև ամենաոգևորիչն արդյունքն է:Երբեմն զարմանում եմ, մտածում՝ «միթե՞ սա ես եմ ստացել»:

Հասմիկն անկեղծանում է, որ արտադրությունում կնոջ համար փոքր-ինչ դժվար է, բայց PROFAL-ում երբեք որևէ բարդության չի հանդիպել՝ շնորհիվ թիմի և համախմբված աշխատանքի: Ընկերությունում էլ արդեն գիտեն,որ փոշեներկման տեղամասի թիմն ամենամիասնականն է.

«Թիմում յոթ հոգի ենք, որից երեքը կին են: Բոլորս աշխատում ենք շատ համերաշխ՝ միմյանց օգնելով ու աջակցելով: Մեր թիմում է նաև տղաս, ով PROFAL-ում է արդեն 14 տարի: Ձեռքբերումներս են հենց իմ թիմը, առանց որի չեմ պատկերացնում աշխատանքս,և մասագիտությունս, որը զրոյից սովորել եմ PROFAL-ում»: